Շվեյցարական Authentic Light Orchestra-ն հանդիսատեսին կներկայանա հայկական էթնո ջազի յուրահատուկ մշակումներով

Armenpress 20:42, 26 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նյու Ջեներեյշն փրոջեքթի» նախաձեռնությամբ մայիսի 2-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Էթնո ջազ» խորագրով համերգը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Նյու Ջեներեյշն փրոջեքթ»-ից, համերգի ընթացքում շվեյցարական Authentic Light Orchestra-ն հանդիսատեսին կներկայանա հայկական էթնո ջազի ամենայուրահատուկ մշակումներով։

Հանդիսատեսին սպասվում է վառ ու անմոռանալի երեկո: Authentic Light Orchestra-ն հիմնադրվել է հայկական արմատներով շվեյցարացի մուլտիինստրումենտալիստ Վալերի Տոլստովի կողմից 2009 թվականին՝ նպատակ ունենալով համատեղել տարբեր երաժշտական ժանրեր, ինչպիսիք են ջազը, համաշխարհային, կինոերաժշտությունը, հայկական ժողովրդական և դասական երաժշտության տարրերը: Ապրիլի 26-ին՝ համերգին ընդառաջ, տեղի ունեցավ համերգի կազմակերպիչների, երաժշտական կազմի ներկայացուցիչների մամուլի ասուլիսը: Authentic Light Orchestra-ի երաժշտական ղեկավար Վալերի Տոլստովի խոսքով խմբի գլխավոր մարտահրավերը ֆոլկլորային երաժշտության վերաբերյալ թարմ հայացք ստեղծելն է, նոր երաժշտական լեզու գտնելը և Authentic Light Orchestra-ի նոր տարբերվող ձայնը: Արդեն իսկ Հայաստանում եղել են համերգներով և վստահ կարող եմ ասել, որ խումբը սիրվել է հայ հանդիսատեսի շրջանում։ Մայիսի 2-ին կայանալիք համերգի մասնակիցների թվում են՝

Վալերի Տոլստով /Շվեյցարիա /ֆլեյտա, երգեհոն Եվգենի Լեբեդև /ՌԴ /դաշնամուր Անտոն Ռևնուկ /ՌԴ /բաս, կոնտրաբաս Արման Մնացականյան /հարվածային գործիքներ Միքայել Ոսկանյան /թառ Գրիգոր Ասրունց-Քարտաշյան /դուդուկ, բլուլ, զուռնա Հայկ Գրիգորյան /շեփոր Աստղիկ Վարդանյան /առաջին ջութակ Գոհար Պապոյան /երկրորդ ջութակ Աստղիկ Գաժոյան /ջութակ Արտյոմ Մանուկյան /թավջութակ։

Համերգի հատուկ հյուրն է՝ Գոռ Սուջյանը

Ըստ աղբյուրի՝ համերգին կմասնակցեն նաև Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի սաները, խմբավար՝ Էմմա Առաքելյան: Թմբկահար Արման Մնացականյանը մեծ սիրով է ընդունել համերգին մասնակցելու առաջարկը, նա խմբի հետ համագործակցելու է առաջին անգամ և հուսով է, որ խմբի հետ համագործակցությունը կլինի շարունակական։

«Համերգի գաղափարը ծագել է հաշվի առնելով նախորդ ջազ համերգների բուռն արձագանքը, և վստահ կարող ենք ասել, որ սպասվում է յուրահատուկ, էթնո ջազին բնորոշ վառ երեկո։ Ջազ համերգներից հետո մեր կողմից կազմակերպված առաջիկա համերգները արդեն իսկ ունեն լավ ու դրական արձագանք»,- մշել է «Նյու Ջեներեյշն» նախագծի հիմնադիր Շմավոն Գրիգորյան։

Նրա խոսքով՝ մայիսի 2-ին կայանալիք համերգից հետո հաջորդ համերգը նախատեսված է հունիսի 8-ին. Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանի առթիվ հանդիսատեսին են ներկայացվելու «Շառլ Ազնավուր 100» խորագրով համերգը։

Հուլիսի 19-ին նախագծի հրավերով առաջին անգամ Հայաստանում ելութ կունենա ՚՚Queen Sensation'' խումբը, իսկ օգոստոսի 9-ին բացառիկ «Վիվալդի DJ» խորագրով համերգը կներկայացվի, որը իր տեսակով բացառիկ է և առաջին անգամ է նման ծրագիր ներկայացվում Հայաստանում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am